Նոր 211 ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում. Մարության

Նոր 211 ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում. Մարության

Երևանի 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում, ավագանու նիստի ընթացքում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 

«Եթե ամեն ինչ նախատեսված գրաֆիկով գնա, ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում: Մինչեւ Երևան հասնելու համար կպահանջվի հավանաբար շուրջ 10 օր», - պատասխանելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցին՝ նշել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ նոր 8,6 մետրանոց ավտոբուսները մասամբ փոխարինելու են ներկայումս գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ՝ աշխատելու են նոր երթուղիներում:

 

Նա ընդգծել է, որ ավտոբուսների փոխարինման այս գործընթացը տրանսպորտային բարեփոխումների անցումային փուլն է, իսկ վերջնարդյունքոում շուրջ 850 ավտոբուսով կներդրվի բրիտանական խորհրդատուի առաջարկած նոր տրանսպորտային ցանցը:

 

Հայկ Մարությանն անդրադարձել է նաև տրանսպորտում վճարման կարգին: Նա նշել է, որ նոր փոքր ավտոբուսներում միայն 100 դրամանոց մետաղադրամներով վճարելու պահանջը ևս անցումային փուլի առանձնահատկություններից է, շուտով կներդրվի էլեկտրոնային վճարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա վճարել ժամանակակից էլեկտրոնային վճարման բոլոր միջոցներով՝ բանկային քարտով, սմարթֆոններով եւ այլն:

 

«Բոլոր զարգացած քաղաքներում նորմալ է, ուղևորը գիտի, որ տրանսպորտից օգտվելիս պետք է մոտը տոմս ունենա, մեր դեպքում ավելի հեշտ է՝ պետք է ընդամենը ունենալ 100 դրամանոց մետաղադրամ: Իսկ էլեկտրոնային եղանակով վճարելու մեր սարքավորումները այսօր աշխարհում եղած ամենաառաջադեմն են լինելու: Պարզ ասած՝ ամեն ինչ, ինչից էլեկտրոնային տարբերակով հնարավոր է «գումար քաշել», բոլոր այդ տարբերակները աշխատելու են»,- ասել է քաղաքապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում