Վառելիքի մանրածախ առևտրի ոլորտը՝ ՊԵԿ դիտակետում (տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության դիտակետում է հայտնվել վառելիքի մանրածախ առևտրի ոլորտը: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, բենզինի, հեղուկ գազի, սեղմված գազի, դիզելային վառելիքի մանրածախ առևտրով զբաղվողների գործունեությանը: Ոլորտը դեռևս համարվում է ռիսկային՝ իրացման շրջանառությունների թերհայտարարագրման տեսանկյունից, որն իրականացվում է հիմնականում ՀԴՄ կտրոնների չտրամադրման եղանակով: Շատ հաճախ բենզալցման կամ գազալցման կայաններում աշխատակիցները վարորդներին հարցնում են՝ արդյոք անհրաժեշտ է ՀԴՄ կտրոն տպել, թե ոչ: Կտրոնը հիմնականում տպվում է քաղաքացու պահանջի դեպքում: Լցակայաններում սակայն արդարանում են, թե կտրոնները միշտ տպում են, բայց քանի որ ՀԴՄ սարքերը հիմնականում տեղադրված են փակ տարածքում` քաղաքացիները հնարավորություն չունեն համոզվելու, որ կտրոնը տպվեց: Այսպես, վերջին 6 օրերի ընթացքում բենզալման և գազալցման կայաններում հարկային մարմնի ստուգման արդյունքում հայտնաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 65 դեպք։ Իսկ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից միայն վերջին 6 օրերի ընթացքում ձեռնարկված միջոցառումների շրջանակում հետազոտվել են 335 տրանսպորտային միջոցներ և դրանց ուղեկցող փաստաթղթեր: Արդյունքում արձանագրվել են այդ ընկերությունների կողմից առանց ուղեկցող փաստաթղթերի շուրջ 46 մլն դրամի վառելանյութի մատակարարման և տեղափոխության դեպքեր։ Ի դեպ, օպերատիվ-հետախուզական այդ միջոցառումները ձեռնարկվել են վառելանյութի շուկայի շուրջ 77 տոկոս մասնաբաժին ունեցող խոշոր ընկերություների նկատմամբ։ Հարկ վճարողի` օրինական դաշտում աշխատելու հարցում միանշանակ կարևոր է քաղաքացիների հետևողականությունը: Վարորդներին հորդորվում է կոտրել կարծրատիպը, լիցքավորելուց հետո` պարտադիր պահանջել ՀԴՄ կտրոնը: Պետական եկամուտների կոմիտեն վառելիքի մանրածախ առևտրի և վառելանյութի մանրամեծածախ վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին հորդորում է դրսևորել օրինապահ վարքագիծ և բոլոր վաճառքները ձևակերպել Հարկային օրենսգրքով սահմանված ուղեկցող փաստաթղթերով՝ հարկային հաշիվ, տեղափոխման փաստաթուղթ, ՀԴՄ կտրոն և այլն։ Կոմիտեն ամենօրյա հսկողական աշխատանքներով հետևողական է լինելու, որպեսզի տնտեսվարողները պետության հանդեպ իրենց պարտքը լիարժեք կատարեն:
Կարծիքներ