Մի շարք համայնքներում բացակայում են ընտրված ավագանիներ, համայնքապետեր. կոչ են անում նշանակել ընտրություններ. Է. Երիցյան
Կոչ եմ անում ՀՀ կառավարությանը հանձնառու մնալ ժողովրդավարության սկզբունքներին, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հիշատակված համայնքներում նշանակել ավագանու ընտրություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
«Համավարակով պայմանավորված արտակարգ դրության, ապա նաեւ ռազմական դրության հետեւանքով Հայաստանում ստիպված էինք ընդունել ժողովրդավարական սկզբունքների սահմանափակման մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ տեղական ժողովրդավարության ոլորտում։
Ցավալի է, որ այդ ընթացքում բավարար ճկունություն չդրսեւորեցինք համապատասխան օրենսդրական փոփոխություններով ու քաղաքականությամբ ապահովելու տեղական ինքնակառավարման անընդհատությունն ու երաշխավորումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
Այդպիսով, ՀՀ մի շարք համայնքներում բացակայում են ընտրված ավագանիներ, ընտրված համայնքապետեր, իսկ դրանցից որոշներում միաժամանակ բացակայում են ընտրված ավագանին եւ համայնքի ղեկավարը:
2021թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշում՝ հնարավորություն տալով վերադառնալ ու վերականգնել ժողովրդավրական նորմերը նաեւ համայնքների մակարդակում։
Այնուամենայնիվ, տպավորություն ունեմ, որ նշված համայնքներում ժողովրդավարական ինստիտուտների վերականգնման համար քայլեր չեն նախատեսվում՝ դրանք թողնելով ՀՀ ԿԸՀ-ի կողմից աշնանը նշանակված ընտրությունների օրերին։
Մինչդեռ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 72-ի 2-րդ կետով սահմանվում է. «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը, որը հրավիրվում է ավագանու ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը: Այս դեպքում ավագանու ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան հիսուն, եւ ոչ ուշ, քան վաթսունհինգ օրվա ընթացքում»:
Կոչ եմ անում ՀՀ կառավարությանը հանձնառու մնալ ժողովրդավարության սկզբունքներին, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հիշատակված համայնքներում նշանակել ավագանու ընտրություններ»։
Կարծիքներ