Գործարկվել է կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ նոր կայքը
Հայաստանի, Ֆինլանդիայի և Չեխիայի Հանրապետության հաստատությունների և փորձագետների համագործակցությամբ իրականացվող՝ «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի շրջանակներում մշակվել է նոր www.biodiversity.am կայքը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից։
Հայաստանում կենսաբազմազանությամբ հետաքրքրված մարդիկ կարող են կայքում ծրագրի, դրանում ներգրավված հաստատությունների և հատկապես ծրագրի նպատակների և գործողությունների մասին մանրամասն տեղեկություններ գտնել։ Կայքը մշտապես թարմացվում է, և կանոնավոր կերպով հրապարակվում են ծրագրի աշխատանքների և ընթացքի վերաբերյալ բոլոր նորությունները։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և այլ հաստատությունների ներկայացուցիչների՝ կայքում հասանելի հարցազրույցները ներկայացնում են ծրագրի շրջանակն ու կարևորությունը։
Դրանից բացի, կայքում նախատեսվում է հրապարակել ծրագրին առնչվող համապատասխան փաստաթղթերն ու արդյունքները։
Յուրաքանչյուր ոք կարող է կապ հաստատել ծրագրի թիմի հետ մեր կայքի միջոցով, ինչպես նաև ներկայացվող աշխատանքների վերաբերյալ հարցեր և մեկնաբանություններ ուղարկել։ Այժմ ծրագրի ընթացքին կարելի է հետևել նաև Ֆեյսբուքյան էջով։
«Շատ ուրախ ենք, որ արդեն ունենք նոր հաղորդակցության գործիք, որի շնորհիվ կարող ենք ներկայացնել Հայաստանի բնական ժառանգության կարևորությունն ու եզակի արժեք լինելը։ Հուսով ենք, որ բնության պահպանության հարցերով հետաքրքրված հանրույթից մեծ թվով արձագանքներ կստանանք մեր աշխատանքների վերաբերյալ»,- նշում է Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության հանրային կապերի փորձագետ Տոմաշ Ռուժիչկան։
Այս երկամյա ծրագրի հիմնական նպատակը կենսաբազմազանության հզորացված պաշտպանությունն ու կայուն օգտագործումն է Հայաստանում՝ միջազգային (եվրոպական) չափանիշներին համապատասխան։ Այն նպատակաուղղված է բնության և կենսաբազմազանության պահպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններին և ինստիտուցիոնալ աջակցության տրամադրմանը։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության, Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտի (SYKE) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից։
Կարծիքներ