Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ օրեր առաջ իր ամուսնու՝ Հ1-ի հաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ տեղի ունեցած վթարին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ այն լուրերին, որոնց համաձայն՝ նախարարի ամուսինը վթարի է ենթարկվել նախարարության ծառայողական մեքենայով։
Նախարարը շեշտեց՝ իր ծառայողական մեքենայով որևէ դեպք տեղի չի ունեցել, այն կիրառվում է ծառայողական նպատակներով, և վթարը որևէ կապ չունի ո՛չ մեքենայի և ո՛չ իր հետ։
«Ես կարծում եմ, որ կարող էի նույնիսկ դատի տալ նրան, ով այդպիսի սուտ տեղեկությունն է տարածել։ Ծառայողական մեքենան վարում է վարորդն ու ծառայողական նպատակներով։ Ինչ վերաբերում է տեղի ունեցած վթարին, իմ ամուսինը բավարար պարզաբանել է»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի էջում անդրադարձել էր իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարին: Նա պարզաբանել էր նաև մամուլի այն հրապարակումները, թե վթարի վայրից ճողոպրել է:
«Ուրեմն հրապարակում մի ավտո թեթև կպնում ա իմ ավտոյին, թեթև խազ ա լինում։ Իջնում, ասում եմ՝ զգույշ քշի, նստում շարունակում եմ։ Մի անդաստիարակ նենց նյութ ա գրում՝ իբր ես վթարի եմ ենթարկվել ու սենց սարսափազդու բաներ։ Ավելի ճոխացնելով՝ նույնը արտատպում են մեր խայտառակ ԶԼՄ կոչվածները։ Արդյունքում բոլոր բարեկամներս ու ընկերներս զանգեցին, որոնց հետ վաղուց չէի շփվել»,- գրել էր նա:
Ծառայողական մեքենայով Ղազարյանի վթարի մասին լուրերը հերքել էր նաև ԿԳՄՍ նախարարությունը։
Կարծիքներ