Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 հազար մանրաձուկ
Նոյեմբերի 8-ին Սևանա լիճ է բաց թողնվել մանրաձկան հերթական խմբաքանակը։ Իրականացված միջոցառման արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի ձկնաբուծական գործարանից լիճ տեղափոխվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի, 8 ամսական, 300 հազար մանրաձուկ՝ 8-10 գրամ քաշով։ Այդ մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:
Ձուկ բացթողնման արարողությանը ներկա է եղել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ, Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և զարգացման» հիմնադրամի, «Սևան» ազգային պարկի, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։
Միջոցառումն իրականացվել է պետական ծրագրի շրջանակներում, շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և զարգացման» հիմնադրամի կողմից։
Կարծիքներ