Իրանը ողջունել է ԼՂ-ում կրակի դադարեցումը
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հույս է հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատման մասին համաձայնությունը կկիրառվի իրականում և հայտարարել, որ բանակցությունները և քաղաքական որոշումները կարող են վերջ դնել ղարաբաղյան այս հին հակամարտությանը, գրում է IRNA գործակալությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությունը և ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի՝ կրակի դադարեցման համաձայնությունը»,- թվիթերյան էջում գրել է Վաեզին:
Նրա խոսքով՝ Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ իր դիրքորոշմանը, որով Հայաստանի և Ադրբեջանի հանրապետություններից պահանջվում էր միջազգայնորեն ճանաչված սահմանների և խաղաղ բնակիչների իրավունքների պաշտպանության փոխադարձ հարգանք:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:
Կարծիքներ