ՀՀ-ն միջազգային գործընկերներից ակնկալում է անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում. Սիմոնյանը՝ Լեհաստանի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վարշավայում ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկրի համար առաջնային են ժողովրդավարական արժեքները, իսկ դրանց ամրապնդումն առանցքային է:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ ԵՄ-ն մնում է Հայաստանի առաջնային գործընկերը ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և բարեփոխումների օրակարգին աջակցելու հարցում ու չնայած այն դժվարություններին, որոնց բախվել է մեր երկիրը վերջին մի քանի տարիներին՝ պահպանվել է Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական դինամիկան, և մի շարք համաձայնագրերի ստորագրմամբ էլ ավելի է ամրապնդվել իրավական դաշտը:
ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը դիմել էր ԵՄ-ին «Խաղաղության եվրոպական գործիքի» (European Peace Facility-EPF) միջոցով Հայաստանին տեխնիկական աջակցություն հատկացնելու խնդրանքով: «Եվրոպական միությունն այդ մեխանիզմի միջոցով աջակցություն է հատկացնում Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին: Ցավոք, Հայաստանի խնդրանքը մերժվել է՝ հղում տալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման գործում ԵՄ միջնորդական ջանքերին, ինչպես նաև «կոնֆլիկտային զգայունության» խնդրին: Կուզենայի կրկնել, որ խոսքը վերաբերում է տեխնիկական օժանդակությանը՝ պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու օրակարգին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը: Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայությանը պատուհասած ճգնաժամի և Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին: Նա շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերներից նման անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում և ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում:
Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացումը: Լեհաստանի նախագահի խոսքով անձամբ աջակցել է Հայաստանի և Վարշավայի ֆոնդային բորսաների միջև անցած տարի կայացած գործարքին՝ վստահ լինելով, որ տնտեսության զարգացմամբ ամրապնդվում է նաև Հայաստանի ինքնիշխանությունը:
Անջեյ Դուդան վստահեցրել է, որ շահագրգիռ է Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների զարգացմամբ և վերհիշել 2006 թվականին որպես Լեհաստանի արդարադատության նախարար՝ Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների հանդիպմանն իր մասնակցությունը:
Նախագահ Դուդան շեշտել է, որ հարավկովկասյան տարածաշրջանը կարևոր է իրենց համար եւ, հատկապես, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Նախագահը նշել է, որ հետևում են 44-օրյա պատերազմից հետո տիրող իրավիճակին, ինչպես նաև քաջատեղյակ են տարածաշրջանի անվտանգային հարցերից ու լավ են պատկերացնում, թե որ երկիրն է իրականում խաղաղություն ուզում, որը՝ ոչ:
Կարծիքներ