ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գործով 3 անձ սուտ մատնություն է կատարել․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գործով 3 անձ սուտ մատնություն է կատարել․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին Եղեգնաձոր քաղաքում գլխի շրջանում ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործով երեք անձանց կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

«2019 թ. սեպտեմբերի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ զորամասի օպերատիվ բաժնի սպա Արա Մխիթարյանին գլխուղեղի ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում դեպքին ականատես 3 զինծառայողներ՝ Լ․Հ․-ն, Մ․Մ․-ն և Մ․Հ․-ն ցուցմունքներ են տվել, հետագայում նաև առերես հարցաքննության ժամանակ պնդել, որ նշված միջադեպի ընթացքում Հարություն Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նաև Զավեն Գրիգորյանն է ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

2019 թ. հոտեմբերի 2-ին Զավեն Գրիգորյանը ձերբակալվել է՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը վերջինիս նույն հոդվածով ներկայացվել է մեղադրանք:

2021 թ. հուլիսի 17-ին քրեական վարույթը, Զ․Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի մասով, ում մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթն ուղարկվել է դատարան: Հետագայում դատարանի կողմից կայացվել է մեղադրական դատավճիռ։

 

Իսկ Զ․Գրիգորյանի մասով նախաքննությունը շարունակվել է, որով, սակայն, չի հաստատվել վերջինիս կողմից նկարագրված դեպքին առհասարակ մասնակից լինելու հանգամանքը։ Ավելին, պարզվել է, որ վերջինս դեպքի վայր է հասել միջադեպի ավարտից հետո:

 

Այդ պատճառով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով Զ․Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև՝ տուժողներ Լ․Հ․-ի, Մ․Մ․-ի և վկա Մ․Հ․-ի արարքում սուտ մատնության հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ:

 

Այս որոշումները, վերոնշյալ երեք զինծառայողների արարքին տրված իրավական գնահատականի մասով, բողոքարկվել են Զ․Գրիգորյանի պաշտպանի կողմից, որը բավարարվել է։

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դրա վերաբերյալ կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Զավեն Գրիգորյանը բուն դեպքին մասնակից չի եղել, նշված երեք զինծառայողների գործողություններում առերևույթ առկա են խմբի կազմում սուտ մատնություն կատարելու հանցակազմի տարրեր՝ պարտավորեցնելով վերացնել Զավեն Գրիգորյանի իրավունքների և ազատությունների խախտումները։

 

Դատարանի որոշման հիման վրա հսկող դատախազը վերացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու և երեք զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2021 թ. սեպտեմբերի 10-ին վարույթն իրականացնող մարմնի կայացրած վերոնշյալ որոշումը։

 

Նախաքննությունը վերսկսվել է, և երեք զինծառայողների կողմից ծանր հանցագործության մեջ մեղադրելով սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։

 

Քննության ընթացքում Զավեն Գրիգորյանը ճանաչվել է տուժող։ Ձեռք բերված փաստերի հիման վրա զինծառայողներ Լ․Հ․-ին, Մ․Մ-ին և Մ․Հ․-ին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ) այն բանի համար, որ նրանք, գիտակցելով, որ իրենց տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, սուտ մատնություն կատարելով, ծեծկռտուքի և Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես տուժողներ և վկա, ցուցմունքներ են տվել՝ Զավեն Գրիգորյանի կողմից եղբոր՝ Հարություն Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ, ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով Արա Մխիթարյանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին բազմաթիվ հարվածներ հասցնելու, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մասին։

Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և իրականացվում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում