Չարենցի ձեռագրերի վերադարձը. տրվել է «Մասնավորից` պետություն» նախաձեռնության մեկնարկը
Նոյեմբերի 27-ը հայ ժողովրդի սիրելի գրող, հրատարակիչ, հասարակական-մշակութային գործիչ Եղիշե Չարենցի հիշատակի օրն էր։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, բանաստեղծի մահվան 84-րդ տարելիցի շրջանակում և Չարենցի 125-ամյա հոբելյանին ընդառաջ, հանդես է եկել «Մասնավորից` պետություն» մշակութապահպան նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
Մինչ նախաձեռնության մեկնարկը տեղի է ունեցել թանգարանի օրհնման արարողություն։ Հաջորդիվ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի աշխատակազմը, Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի սաները և ուսուցիչները, ինչպես նաև մի խումբ չարենցասերներ այցելել են «Ամբոխները խելագարված» հուշահամալիր` խնկարկելու և հարգանքի տուրք մատուցելու պոետի հիշատակին։
Ե. Չարենցի տուն-թանգարանում տրվել է «Մասնավորից` պետություն» նախաձեռնության մեկնարկը: Բանաստեղծի թոռնուհին` Գոհար Չարենցը, ընտանիքի հավաքածուում պահվող շուրջ 15 ձեռագիր հանձնել է գրողի տուն-թանգարանին։ Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, երախտիքի խոսք հղելով Չարենց ընտանիքին, խնդրանք-կոչով դիմել է իրենց անձնական հավաքածուներում չարենցյան ձեռագրեր, պատառիկներ պահող անհատներին՝ վերադարձնելու դրանք Չարենցի տուն-թանգարանին:
«Բանաստեղծի թողած գրական ժառանգությունը թանգարանայնացնելով՝ այն կդառնա հանրության սեփականությունը, հասանելի կլինի չարենցասեր հասարակությանը և գրականագիտական-հետազոտական համայնքին։ Դա կարևոր է նաև «Եղիշե Չարենց, երկերի լիակատար ժողովածու»-ի ակադեմիական հատորների կազմման աշխատանքներն ավարտին հասցնելու համար, ինչն էլ կլինի բանաստեղծի հոբելյանական 125-ամյակի լավագույն նվերը»,- ասել է Ժ. Մանուկյանը։
Օրվա գեղարվեստական հատվածում միջավայրը չարենցյան պոեզիայի շնչով է լցրել ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը` ընթերցելով «Վերջին աղոթք» շարքից մի հատված։ Երաժշտական կատարումներով հանդես են եկել Կոմիտասի անվան ազգային քառյակի երաժիշտները:
Կարծիքներ