Հս. Կորեայում ուսանողը մահապատժի է դատապարտվել «Կաղամարի խաղը» սերիալը դիտելու և դրա թվային տարբերակը համակուրսեցիներին վաճառելու համար
Հյուսիսային Կորեայի մի բնակիչ մահապատժի է դատապարտվել Netflix-ի հանրահայտ «Կաղամարի խաղը» (Squid Game) սերիալի կրկնօրինակն իր հետ երկիր բերելու համար, հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ մաքսանենգն ուսանող է, որը, վերադառնալով Չինաստանից, իր հետ բերել է նաև հարավկորեական հիթային սերիալի՝ USB կրիչի վրա պահված թվային տարբերակը:
Սակայն դրա կրկնօրինակները մի քանի մարդու, այդ թվում՝ համակուրսեցիներին, վաճառելուց հետո, նրան բռնել են երկրի հսկողության ծառայությունները:
Պարբերականը գրում է, որ նա այժմ մահապատժի կենթարկվի հրազենային ջոկի միջոցով՝ այն սարսափելի մեթոդներից մեկը, որով սպանվում են նաև սերիալի հերոսները:
Ենթադրվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել վերջին շաբաթվա ընթացքում երկրի Հյուսիսային Համգյոն նահանգում, որը սահմանակից է Չինաստանին։
«Ազատ Ասիա» ռադիոկայանը հայտնել է, որ մեկ ուսանող, որը գնել է սերիալի թվային տարբերակը, դրանից հետո ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ ևս վեցը, որոնք դիտել են սերիալը, դատապարտվել են հինգ տարվա ծանր աշխատանքի:
Հյուսիսային Կորեան խստիվ արգելում է Արևմուտքից և Հարավային Կորեայից նյութերի մուտքը երկիր:
Կարծիքներ