PISA հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ․ ԿԳՄՍՆ

PISA հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ․ ԿԳՄՍՆ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ PISA հետազոտության նախապատրաստական աշխատանքներն ընթացել են 2022 թվականից. 2025 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի 295 դպրոցի մոտ 7000 սովորող անցել է ստուգատեսը՝ լրացնելով համապատասխան մեթոդաբանությամբ կազմված թեստերը։

PISA հետազոտությունն անցկացվում է 4 տարին մեկ անգամ. հաջորդ ստուգատեսը կանցկացվի 2029 թվականին։

PISA-ի արդյունքները կարևոր ելակետ են չափորոշչի բովանդակային ազդեցությունը գնահատելու համար

Կարևոր է նկատի ունենալ, որ գնահատմանը մասնակցած սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախորդ չափորոշչով։ Այս իմաստով ստացված արդյունքները կարող են դիտարկվել ելակետային տվյալներ, որոնք հետագայում հնարավոր կլինեն համադրել նոր չափորոշչի ներդրումից և ընթացող մյուս բարեփոխումներից հետո արձանագրվող արդյունքների հետ՝ դիտարկելով կրթության որակի դինամիկան։

Հետևություն և արձանագրում

Հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ և համապատասխան քայլեր են արվում բարելավման ուղղությամբ։

Արդյունքներն, անշուշտ, գոհացուցիչ չեն. դրանք փաստում են խնդիրների մասին, իսկ չդադարող բարեփոխումներն ավելի որակյալ կրթության համակարգ ունենալու մասին են։

PISA 2025-ի տվյալները վկայում են նաև համաշխարհային մակարդակով կրթական արդյունքների անկման մասին, որը հատկապես նկատելի է ընթերցանության և մաթեմատիկայի ոլորտներում։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) երկրներում վերջին տասնամյակում միջին ցուցանիշները նվազել են ավելի քան 20 միավորով, ինչը գնահատվում է որպես մեկ ուսումնական տարվա ուսումնառության կորստին համարժեք տարբերություն։

Հետազոտության արդյունքներում առանձնացվում են սովորողների առաջադիմության վրա ազդող մի շարք գործոններ՝ ուսուցչի և ծնողների աջակցությունից մինչև թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության օգտագործում։

Հետազոտության արդյունքները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան մասնագիտական քննարկման առարկա՝ ուսուցիչների, տնօրենների, փորձագետների և որոշում կայացնողների կողմից՝ հետագա քաղաքականությունների և գործողությունների լավարկման նպատակով։ Մասնագիտական կարծիքն ու քննադատությունը համակարգի առողջացման ուղիղ ճանապարհն են, բայց առավել կարևոր է, որ քննարկումը մասնագիտական խոսակցությունից չվերածվի շահարկման։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում