Դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել. Փաշինյանը՝ PISA-ի հետազոտության մասին
Կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աշակերտների առաջադիմությանը վերաբերող PISA միջազգային հետազոտության արդյունքներին՝ նշելով, որ դրանց շուրջ քննարկումներ և քննադատություններ են ընթանում։
Փաշինյանի խոսքով՝ հատկապես ընդդիմության քննադատությունն անհասկանալի և անընդունելի է։ Նա ընդգծել է, որ Հայաստանում դեռևս շուրջ 700 դպրոց պետք է կառուցվի կամ հիմնանորոգվի՝ կրթության հասանելիությունն ապահովելու համար։
«Մենք դպրոց չենք բացում, մենք դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել։ Ինչպե՞ս կարող է 35 տարվա անկախություն ունեցող երկրում 1000 դպրոց կառուցելու կենսական անհրաժեշտություն լինել», — ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաև քննադատել է դպրոցներում կրթության որակը՝ հայտարարելով, որ կան տնօրեններ և ուսուցիչներ, որոնք «տգիտություն են դասավանդում»։ Նա նշել է, որ ընտրություններից հետո ԿԳՄՍ նախարարի առաջ խնդիր է դրել դպրոցներից հեռացնել ոչ կոմպետենտ տնօրեններին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշել է, որ PISA հետազոտությանը մասնակցելու նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունն է առաջ քաշել՝ կրթական համակարգի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով։ Նրա խոսքով՝ հետազոտության մասնակիցների 88 տոկոսը 10-րդ դասարանցիներ են եղել։
Նախարարի գնահատմամբ՝ PISA-ի արդյունքները ցույց են տալիս, որ վերջին տարիներին Կառավարության և կրթության ռազմավարությամբ իրականացվող քայլերը ճիշտ ուղղությամբ են։
Անդրեասյանը պարզաբանել է, որ PISA-ն չի գնահատում միայն աշակերտների տարրական գիտելիքները, այլ ուսումնասիրում է, թե որքանով են նրանք կարողանում ստացած գիտելիքը կիրառել իրական կյանքի տարբեր իրավիճակներում։
«Տարիներով մեր դպրոցը հիմնված է եղել անգիրի վրա։ Բնական գիտությունների կիրառականությունը ինչպե՞ս պիտի բարձր լիներ։ Մեր Կառավարությունն է, որ դպրոցներում լաբորատորիաներ է ստեղծում», — ասել է նախարարը՝ ընդգծելով, որ կրթական բարեփոխումները միտված են նաև գիտելիքի կիրառական հմտությունների զարգացմանը։


Կարծիքներ