Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին ընկել է ջրատարը, դին դուրս է բերվել ճոպանների օգնությամբ

Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինա-Շերամի փողոցների խաչմերուկում՝ նոր կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին, կամրջի տակ անցնող ջրատարում, դի կա։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջ-փրկարարները ճոպանի միջոցով պատգարակով ջրատարից դուրս են բերել տղամարդու դին։
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ աղբյուրի, նախնական տեղեկություններով դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով ճշտել են ականատես վկայի ինքնությունը, ով տեսել է, թե ինչպես է քաղաքացին կամրջից ցած ընկել:
Կարծիքներ