Իրաքում Թուրքիայի գործողության հետևանքով 400 քուրդ զինյալ է շրջափակման մեջ հայտնվել

Իրաքում Թուրքիայի գործողության հետևանքով 400 քուրդ զինյալ է շրջափակման մեջ հայտնվել

 Թուրքիայի զինված ուժերը, այդ թվում՝ հատուկջոկատայինները, Իրաքի հյուսիսային քրդաբնակ Զապ, Ավաշին-Բասիան և Մեթինա շրջաններում մի քանի դիրք են գրավել, իսկ «Ճանկ» գործողությունների շղթայի հետևանքով մոտ 400 քուրդ զինյալներ շրջափակման մեջ են հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է թուրքական իշխանամետ Sabah թերթը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալով՝ գործողության մեկնարկից ի վեր Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 26 ակտիվիստ է սպանվել։ Թուրքական հատուկ նշանակության ջոկատների ստորաբաժանումները տեղակայված են ՔԱԿ ջոկատների նահանջի հնարավոր ուղիներում։ Ցամաքային ուժերին աջակցում են հարվածային ուղղաթիռներն ու անօդաչու սարքերը։

Իրաքի հյուսիսում ՔԱԿ զինյալների դեմ նոր գործողության շրջանակներում Թուրքիայի զինված ուժերն օգտագործում են ավելի քան 3 տասնյակ ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ ուղղաթիռներ ու F-16 կործանիչներ։ Մինչ օրս Թուրքիան պաշտոնապես հայտնել է առնվազն 2 թուրք զինծառայողի սպանվելու մասին։

Հիշեցնենք` Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսում «Ճանկ» կոչվող գործողությունների շղթան սկսել է 2019թ․ մայիսից։ Մինչ օրս իրականացվել է 8 ռազմական գործողություն։ «Ճանկ-փական» գործողությունը սկսելու մասին Թուրքիան հայտարարեց ապրիլի 18-ին։

Թուրքիան վստահեցնում է, որ իր գործողություններով պայքարում է ահաբեկիչների դեմ և անվտանգության գոտի ստեղծում Իրաքի հետ սահմանին։

Իրաքի ԱԳՆ-ն ապրիլի 19-ին Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել ռազմական գործողություն սկսելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում