Փոփոխություններ՝ մետաղական հանքավայրեր շահագործողների կողմից վճարվող ռոյալթիի համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար

Փոփոխություններ՝ մետաղական հանքավայրեր շահագործողների կողմից վճարվող ռոյալթիի համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար

Ազգային ժողովը քննարկում է «Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակը մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների կողմից վճարվող ռոյալթիի համակարգն ավելի արդար, արդյունավետ և մետաղների միջազգային գներին առավել արձագանքող դարձնելն է:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020 թվականի աշնանից սկսած մետաղների միջազգային շուկաներում գներն անշեղորեն աճման միտում են դրսևորում:

Այս պարագայում գնահատվում է, որ ռոյալթիի գործող համակարգը հնարավորություն չի տալիս ոլորտում ձևավորվող նոր արժեքը արդարաբար բաշխել կառավարության և տվյալ ոլորտը ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների միջև: Եղած համակարգի պայմաններում գների բարձրացման հիմնական շահառուն ոլորտը ներկայացնող կազմակերպությունների խումբն է:

Այս խնդիրն արագ և իրավիճակային լուծելու համար 2021 թվականի սեպտեմբերից ներդրվեց խտահանքի և մոլիբդենի արտահանման համար նախատեսված պետակական տուրքի համակարգը՝ հիմքում ունենալով արտահանման ծավալները և յուրաքանչյուր տոննայի համար նախատեսված պետական տուրքի սահմանված դրույքաչափերը»,- ասաց Պողոսյանը:

Այդուհանդերձ, պետական տուրքի ներդրված համակարգը չի կարող բնութագրվել որպես երկարաժամկետ: Ըստ փոխնախարարի՝ պատճառն այն է, որ դա որևէ կերպ կախված չէ կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներից և հաշվի չի առնում մետաղների գները և ոլորտի կազմակերպությունների կողմից կատարվող ծախսերը, հետևաբար նաև՝ դրանց շահութաբերությունը:

«Առաջարկվում է շահութաբերությունից կախված երկրորդ բաղադրիչի ներմուծում: Սա ավելի երկար ժամկետի համար նախատեսված լուծում է, և դրանով իսկ ավելի կայուն և կանխատեսելի հարկային միջավայր կարող է ապահովել ոլորտում ներդրումներ կատարած, կատարելու մտադրություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար:

Առաջարկվում է  լրացուցիչ հարկերով ծանրաբեռնել շահույթի այն մասը, որն ամբողջությամբ տնօրինվելու է համապատասխան կազմակերպությունների կողմից»,- ասաց Պողոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում