Առեղծվածային դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի
Երեկ՝ մարտի 16-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրու քաղաքային աղբանոց, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մկտրչյանը։
Ոստիկաններին նշված վայրում Գյումրիի բնակիչ՝ 60-ամյա Աշոտ Մ-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում նշված աղբանոցում գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ կատարելիս տեսել է, որ հողակույտը փլուզվել է, որտեղ այդ պահին փորելու միջոցով գունավոր մետաղներ էր փնտրում Գյումրիի բնակիչ՝ 30-ամյա Վազգեն Յ-ն և այդ ընթացքում ինքը մոտեցել է փլված հողակույտին ու տեսել է, որ Վազգեն Յ-ն չկա։
Նա ոստիկաններին ու քննիչներին հայտնել է նաև, որ դրանից հետո ենթադրել է, որ հնարավոր է՝ Վազգեն Յ-ն մնացած լինի հողակույտի տակ ու օգնության է կանչել իր ծանոթներ՝ Գյումրիի բնակիչներ, 41-ամյա Սանասար Մ-ին և 39-ամյա Արտյոմ Հ-ին։
Վերջիններիս օգնությամբ էլ փլուզված հողակույտի տակից հայտնաբերել են Վազգեն Յ-ին, ապա ահազանգել են Գյումրու շտապօգնություն, ու ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։
Կարծիքներ