Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության գործունեությունը Տաշիրում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր):
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության սանիտարահիգիենիկ պայմաններին օրենսդրությամբ ներկայացվող նորմերի հետ:
Այսպես՝
արտադրական շինությունն ապահովված չի եղել կեղտի կուտակումներից սննդամթերքում մասնիկները թափվելու վտանգից, արտադրական շինությունների մակերևույթներին բորբոսի առաջացումից.
արտադրամասի և պահեստային հատվածի պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.
առաստաղների մի մասի մակերևույթները վնասված են եղել, ինչը նպաստում է կեղտի կուտակմանը, բորբոսի առաջացմանը.
բացվող ներքին պատուհանը չի ունեցել միջատապաշտպան ցանց.
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող կաթի մշակման, պաստերիլիզացման և պահպանման սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման.
սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական գույքը, մասնավորապես՝ պանրի մշակման սեղանի մակերևույթը, պատրաստված չի եղել չներծծող նյութից։
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Կարծիքներ