Արցախի նախագահը հավաստիացրել է, որ քննարկվում է միայն մեկ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի բացման հարցը
Արցախում ամեն երրորդ մահի պատճառն արդեն թերսնումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ Արցախի ազգային ժողովի շենքի առջև հավաքված հանրության հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Սով, ամեն ինչի պակաս, հղիները ստեղծված իրավիճակի հետևանքով կորցնում են երեխաներին: Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին՝ գերտերություններին, ՄԱԿ-ին»,- նշեց Հարությունյանը:
Արցախի նախագահն ընդգծեց, որ օգոստոսի 28-ի երեկոյան Արցախի քաղաքական ուժերն Ազգային ժողովում շուրջ 6 ժամ հրատապ քննարկում են ունեցել, սակայն միասնական որոշում չեն կայացրել: Որպես երկրի նախագահ՝ ինքն այս պահին պարտավոր է որոշում կայացնել, այլ հարց է, որ այն կարող է չընդունվել ժողովրդի կողմից.
«Շատ կարճ ժամանակահատվածում՝ մի քանի օրվա ընթացքում, պետք է լուծենք մեր հացի խնդիրը, հումանիտար խնդիրը»:
Հանրության վրդովմունքին, որ իրենց պայքարը հացի խնդիր չէ, այլ` հայրենի հողում ապրելու և ապագան կառուցելու խնդիր, Արայիկ Հարությունյանն արձագանքեց.
«Մենք մենակ ենք։ Մենք ընկերներ և աջակցություն չունենք։ Բոլոր հարցերը ձեզ հետ միասին կլուծենք»:
Երկրի ղեկավարը հավաստիացրեց, որ քննարկվում է միայն մեկ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի բացման հարցը։
«Անկախ ամեն ինչից՝ ճանապարհի հարցը պիտի լուծվի: Մինչև այսօր սպասել ենք, հավատացել ենք՝ Պոտինին էլ ենք հավատացել, Բայդենին էլ ենք հավատացել, Մակրոնին ու Հայաստանին իշխանությանն էլ ենք հավատացել… Բայց մեզ թողել են պատանդի կարգավիճակում»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ Արցախում ստեղծված հումանիտար խնդիրը շուտով կկարգավորվի:
Կարծիքներ