Գիտնականները հայտնել են տիեզերքում հզոր բախման մասին
Աստղագետներն արձանագրել են անհայտ տիեզերական օբյեկտի բախում Յուպիտերի հետ: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին գրում է Phys.org գիտական հարթակը:
Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին: Յուպիտերի վրա բռնկման մասին հաղորդել էին սիրողական աստղագետները: Այս մասին առաջինն ասել էր բրազիլացի Խոսե Լուիս Պերեյրան, իսկ մեկ օր անց նրա խոսքերը հաստատել էր գերմանացի Հարալդ Պալեսեկեն: Նրանց հաջողվել էր լուսանկարներ և տեսանյութեր անել, որոնք նրանք տրամադրել են գիտական հանրությանը ուսումնասիրության համար:
Կիոտոյի NTT Communication Science Laboratories լաբորատորիայի ավագ գիտաշխատող Մարկ Դելքրուան ուսումնասիրել է հասանելի բոլոր կադրերը: Նրա կարծիքով՝ այն օբյեկտը, որը հարվածել է Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակին, կարող էր լինել ավելի մեծ գիսաստղի կամ աստերոիդի մնացորդ: Երկնային մարմինը, ենթադրաբար, մոտեցել է Յուպիտերի ձգողականության շնորհիվ, այնուհետև քայքայվել է մի քանի մասի:
«Այս բախումը կարող է լինել ամենապայծառը, որը երբևէ նկատվել է սիրողական աստղագետների կողմից 1994 թվականից ի վեր»,- ասել է աստղագետը:
Հոդվածում նշվում է, որ առաջին անգամ գիտնականներն Արեգակնային համակարգի օբյեկտների արտերկրյա բախում ուղղակիորեն դիտել են 1994 թվականին: Այդ ժամանակ SL9 գիսաստղի բեկորները բախվել էին Յուպիտերին՝ մասերի բաժանվելով գազային հսկայի ձգողականության ազդեցության տակ: Գիտնականները կարծում են, որ նման բախումներ տեղի են ունենում անընդհատ:
Կարծիքներ