Կոչ եմ անում այցելել հայ գերիներին և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը. Գրետա Թումբերգ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացվել՝ ի պատասխան ՄԱԿ-ի այն որոշման, որ, չնայած Ալիևի ռեժիմի ավտորիտար քաղաքականության, բռնաճնշումների և հայատյաց հռետորաբանության ու ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումների, COP-29 համաժողովը անցկացվում է Ադրբեջանում:
Ակցիայի կազմակերպիչները համաժողովի մասնակիցներին կոչ են արել այցելել Բաքվի բանտ, որտեղ պահվում են հայ գերիները և տեսնել, թե ինչպիսի պայմաններում ենք նրանք։
Բողոքի ակցիայի մասնակիցներից Մարգարիտա Քարամյանը հայտարարել է, որ Բաքվում COP29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալում է:
Նրա խոսքով՝ ցեղասպանություն իրականացրած և 150 հազար արցախցիների էթնիկ զտման ենթարկած երկիրը չի կարող լինել քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ։ Վերջինս նաև նշել է, որ այն հանցագործությունները, որոնք իրականացվել են ԼՂ Հադրութ քաղաքում, որտեղից ինքն է տեղահանվել, չեն տեղավորվում քաղաքակրթության չափանիշների մեջ։
Բողոքի ակցիային մասնակցել է շվեդ բնապահպան-ակտիվիստ Գրետա Թումբերգը, որը հանդես է եկել կոչով:
«Բաքվում գտնվող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և COP-29-ի մասնակից պաշտոնյաներին կոչ եմ անում այցելել հայ գերիներին, պատանդներին և քաղբանտարկյալներին ու պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը»,- հայտարարել է հայտնի էկոակտիվիստը:
Նա ընդգծել է, որ կլիմայական արդարությունը նշանակում է արդարություն բոլորի համար։
«Չենք կարող ձևացնել, թե հոգ ենք տանում կլիմայի և շրջակա միջավայրի մասին, երբ Ադրբեջանի նման երկիրը, որն էթնիկ զտում ու ցեղասպանություն է իրականացրել, կլիմայական անվտանգության օրակարգ է առաջարկում»,- նկատել է Թունբերգը։
Կարծիքներ