Երևանում և Դիլիջանում ապրիլի 29-ից մայիսի 16-ը կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում և Դիլիջանում ապրիլի 29-ից մայիսի 16-ը կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը՝ «Հայկական խճանկար» խորագրով:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, փառատոնի նպատակն է ապահովել համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում՝ ծրագրում ներառելով մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։
Համերգները կանցկացվեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, ՀԲԸՄ դահլիճում, Դիլիջանի միջազգային դպրոցում և The Office-ում։
Այս տարի ելույթ կունենան Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, «Ասոնանս» և Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլները և «Երևան» լարային քառյակը։
Ապրիլի 29-ին տեղի կունենա բացման համերգը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ «Ասոնանս» անսամբլը կներկայացնի Արամ Հովհաննիսյանի, Ալիսիա Թերզյանի, Արթուր Ահարոնյանի, Արսեն Բաբաջանյանի, Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանի, Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործություններից։
Մայիսի 2-ին ՀԲԸՄ դահլիճում Երևանի պետական կոնսերվատորիայի «Բումերանգ» անսամբլը կներկայացնի Միքայել Մելիք-Վարդանյանի, Լևոն Պողոսյանի, Վահրամ Բաբայանի, Նարինե Մխիթարյանի, Ռալֆ Քյոշքերյանի, Արամ Սաթյանի, Գոռ Իսպիրյանի, Վաչե Շարաֆյանի գործերից։
Մայիսի 4-ին Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC Dilijan) Երևանի պետական կոնսերվատորիայի «Բումերանգ» անսամբլը կկատարի Միքայել Մելիք-Վարդանյանի, Ռալֆ Քյոշքերյանի, Գոռ Իսպիրյանի, Լևոն Պողոսյանի և Նարինե Մխիթարյանի գործերից։
Մայիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը կներկայացնի հեղինակային, ինչպես նաև Ալան Հովհաննեսի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտուն Իսրայելյանի, Վարդան Աճեմյանի, Արթուր Ավանեսովի, Ռուբեն Անտոնյանի, Էլեն Յոլչյանի ստեղծագործություններից։
Մայիսի 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում «Երևան» լարային քառյակը կկատարի Սուրեն Զաքարյանի, Աննա Հակոբջանյանի, Արփինե Կալինինայի, Միխայիլ Կոկժաևի գործերից։
Մայիսի 14-ին փառատոնային կրթական ծրագրերի շրջանակում երաժշտագետ, ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանն Ակուստիկ լաբորատորիայում վարպետության դաս կանցկացնի կոնսերվատորիայի ուսանողների համար։
Մայիսի 16-ին The Office-ում կայանալիք համերգում կմիավորվեն էլեկտրոնային և դասական երաժշտությունը՝ Անդրիուս Հարությունյանի ղեկավարությամբ։ Կհնչեն Սերգեյ Ումրոյանի և Անդրիուս Հարությունյանի ստեղծագործություններից:
Փառատոնի ծրագիրն ամեն տարի հնարավորություն է ստեղծում հայ երաժշտասեր հասարակության համար մշտապես տեղեկացված լինելու արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին և միտումներին, ինչպես նաև նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։
Կարծիքներ