Արևմուտքի կողմից Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը չի կանգնեցնի հակամարտությունը. Ստոլտենբերգ
Արևմուտքի կողմից Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը չի կանգնեցնի Ռուսաստանի հետ հակամարտությունը, այլ կերկարաձգի այն։
Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը կերկարաձգի պատերազմը, այլ ոչ թե կավարտի այն», - Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ստոլտենբերգը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը կշարունակեն ռազմական օգնություն տրամադրել Կիևին՝ չնայած դրա համաձայնեցման դժվարություններին։
«Վստահ եմ, որ ԱՄՆ-ն կկարողանա համաձայնության հասնել Կոնգրեսում քննարկումների ընթացքում և կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: ԵՄ գծով դաշնակիցները դա անում են տարբեր ուղիներով: ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները կշարունակեն աջակցություն ցույց տալ Ուկրաինային», - ասել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հերթական անգամ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությանը չի կարելի թույլ տալ հաղթանակ տանել մարտի դաշտում, քանի որ «դա կհանգեցնի հետագա ագրեսիայի վտանգի»։
«Եվ միակ միջոցն է շարունակել օգնությունն Ուկրաինային»,- հավելել է նա։
Դեկտեմբերի 6-ին Ուկրաինային և Իսրայելին նոր խոշոր արտակարգ ֆինանսական օգնության տրամադրման օրինագիծն արգելափակվել է Սենատի կողմից, թեև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատուկ ուղերձով օրենսդիրներին կոչ էր արել հաստատել այդ ծախսերը Սուրբ Ծննդյան տոների արձակուրդի մեկնելուց առաջ:
ԵՄ երկրների ղեկավարները դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում պետք է քննարկեն մինչև 2027 թվականը Կիևին 50 միլիարդ եվրո հատկացնելու հարցը և որոշում ընդունեն՝ արդյոք անհրաժեշտ է ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ:
Կարծիքներ