Թույլ են տրվել կոնստրուկտիվ խախտումներ. կասեցվել է «Եղվարդ արտադրական բազայի» գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2021 թվականի հոկտեմբերի 7-ին ստուգում էր իրականացնել ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 1-ին նրբանցք, N 30, Լեռ Կամսարի փողոց 30/4 և 30/6 հասցեներում։
Ստուգման արդյունքում տեսչական մարմինը պարզել էր, որ կապալառու շինարարական աշխատանքներ իրականացնող «Եղվարդ արտադրական բազա» ՍՊԸ-ն թույլ է տվել կոնստրուկտիվ այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել շենքի ամրության, կայունության վրա, ինչպես նաև վտանգավոր են մարդկանց համար և չեն կարող վերացվել՝ առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները։
Մասնավորապես, շինարարության ընթացքում տեղի են ունեցել հաստատված նախագծի, շինարտադրության ընդունման նորմերի և ստանդարտների, ինչպես նաև տեխնիկական հսկողության իրականացման կարգի խախտումներ։
Այդպիսվ՝ կապալառու «Եղվարդ արտադրական բազա» ՍՊ ընկերությունը խախտել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի պահանջը, որի համար «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, հիմք ընդունելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, ընկերությանը տրամադրված լիցենզիայի գործունեությունը կասեցնելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտե։
Քաղաքաշինության կոմիտեն միջնորդությունը բավարարել է, և ընկերության գործունեությունը կասեցվել է։ Կասեցման ժամկետ է սահմանվել մինչև խախտման պատճառի վերացումը:
Կարծիքներ