Զարիֆը ԼՂ հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնության վերաբերյալ մանրամասներ է բացահայտել
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնության վերաբերյալ մանրամասներ է բացահայտել:
Ինչպես հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը, IRIB-ին տված հարցազրույցում Զարիֆն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության հենց սկզբից Իրանը բանակցութուններ է վարել Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ։
«Կարծում ենք՝ պատերազմն ամենամեծ վնասը կհասցնի տարածաշրջանի երկրներին, ուստի այդ երկրները պատերազմը դադարեցնելու հարցում կարող են առավելագույն ազդեցություն ունենալ»,- ասել է Զարիֆը՝ ընդգծելով, որ իրենց նախաձեռնությունը նպատակ չունի մրցել կարգավորման ուրիշ մեխանիզմերի, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։
Նա հավելել է, որ Իրանի ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ «վերաբերում է ոչ միայն ժամանակավոր հրադադարին, այլ նաև հակամարտության կարգավորմանը»։
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Թեհրանի նախաձեռնության մյուս ասպեկտներից է «մարդկանց իրավունքների ապահովումը», «հաղորդակցության ուղիների հաստատումը» և «տարածաշրջանային երկրների կողմից խաղաղ ծրագրի իրականացման գործընթացի դիտարկումը»:
Զարիֆը նաև կրկնել է, որ Իրանը իր սահմանների մոտ չի հանդուրժի ահաբեկիչների ներկայությունը։
Կարծիքներ