«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը համընկնում է Հարավային Կովկասում Հնդկաստանի տեսլականի հետ․ փորձագետ
Հնդկաստանն առևտրի հաղորդակցությունների, առևտրային միջանցքների, էներգետիկ անվտանգության և աշխարհաքաղաքական առումներով շահեր ունի Հարավային Կովկասում և «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը համընկնում է նրա տեսլականի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ դեկտեմբերի 4-ին Երևանում անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով համաժողովում այս մասին ասաց «Հնդկահայ բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Անանդ Ռանանջայը։
Նրա կարծիքով՝ Հնդկաստանը մինչև վերջերս հստակ ձևավորված արտաքին քաղաքականություն չի ունեցել Հարավային Կովկասի առումով։
«Հայաստանն այս տարածաշրջանում, վստահաբար, նշանակալի գործընկեր է Հնդկաստանի համար։ Հայաստանը միշտ էլ աջակցել է Հնդկաստանին՝ մասնավորապես Քաշմիրի հարցում և առանց որևէ վերապահումների։ Հայաստանը միշտ աջակցել է Հնդկաստանի մշտական անդամակցությանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Այսպիսի մոտեցումը, վստահաբար իր արձագանքը գտել է Հնդկաստանում»,-ասաց Անանդ Ռանանջայը, ում դիտարկմամբ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որի հետ Հնդկաստանն ունի փոխգործակցային բարեկամական հարաբերություններ։
Ըստ նրա՝ դա նշանակում է, որ աշխարհաքաղաքական հարցերում,ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանն ու Հնդկաստանն ընդհանուր շահեր ունեն։
«Հաշվի առնելով Հայաստանի անվտանգային խնդիրները Հնդկաստանը փորձում է հնարավորինս աջակից լինել՝ միաժամանակ հասկանալով, որ Հայաստանը ստիպված է զանազանել այս ուղղությամբ իր գործընկերների դաշտը։Ես կարող եմ ասել, որ սա խաղաղության և ուժի հավասարակշռման հարց է»,-ավելացրեց փորձագետը՝պարզաբանելով, որ Հնդկաստանը փորձում է այնպես անել, որ լարվածություն չառաջանա տարածաշրջանում, որպեսզի որևէ ագրեսորներ չձևավորվեն։
Կարծիքներ