ԲՏԱ նախարարը՝ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության հետ կապված լուրերի մասին
Երևանի հեռուստաաշտարակի նոր տեղադրված լուսավորման համակարգն արդեն մի քանի օր է՝ գտնվում է համալարման, կարգաբերման և փորձարկման ռեժիմում: Այս մասին գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ այդ ընթացքում հեռուստաաշտարակը լուսավորվելու է RGB (R-կարմիր, G-կանաչ, B-կապույտ) գունային համակարգի տարբեր կրիտիկական և միջանկյալ երանգներով:
»Հենց այս գույների տարբեր չափաբաժիններով միախառնման արդյունքում են հետագայում ստացվելու գունային գամմայի այլ երանգները:
Ցանկացած տիպի նոր, գունավոր լուսավորման համակարգի համար սա բնականոն գործընթաց է, առանց որի հնարավոր չի լինի իրականացնել որևէ կարգավորում:
Աշխատանքների ավարտից հետո Երևանի հեռուստաաշտարակը մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին կներկայանա իր նոր, ամբողջական լուսավորմամբ»,- գրել է նախարարը:
Ավելի վաղ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր համացանցում տարածված լուրերին, թե իբր հեռուստաաշտարակը գունավորված է եղել Ադրբեջանի դրոշի գույներով: Նա նշել էր, որ այդպիսի ապատեղեկատվությամբ փորձում են հանրության մեջ կրքեր բորբոքել:


Կարծիքներ