5 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի աշխարհի առաջնությունից

5 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի աշխարհի առաջնությունից

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքական թիմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը Ղազախստանի Ալմա֊Աթա քաղաքում մասնակցել է պարաբազկամարտի աշխարհի 25֊րդ առաջնությանը և 5 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ նվաճել:

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությանն ընդհանուր առմամբ 40 երկրի մարզիկներ են մասնակցել: Նրանք մրցել են ձախ և աջ ձեռքերով:

Հայաստանի թիմի կազմում պարաբազկամարտի աշխարհի չեմպիոններ են հռչակվել մինչև 55 կգ քաշային Սարգիս Հարությունյանը (ձախ ձեռքով), մինչև 80 կգ քաշային Սարգիս Ստեփանյանը (ձախ ձեռքով) և +65 կգ քաշային Նաիրա Մեսրոպյանը (աջ և ձախ ձեռքով): ԱԱ-ի հաղթող է ճանաչվել նաև 65 կգ քաշային Գուրգեն Անտոնյանը՝ մինչև 24 տարեկանների պայքարում:

Աջ ձեռքի մրցումներում փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է մինչև 75 քաշային Հայկ Ստեփանյանը, իսկ Սարգիս Հարությունյանը (մինչև 55 կգ) և Շահեն Բաբայանը (մինչև 65 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ աշխարհի առաջնությունում մրցակցությունը բավականին թեժ է եղել. «Մեր թիմը պարզապես հիանալի հանդես եկավ: Աշխարհի առաջնությունում մրցակցությունը բավականին մեծ էր, տարբեր երկրներից շատ ուժեղ մասնակիցներ կային ու շատ բարդ պայքար էր ընթանում: Մեր թիմը պատվով կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը»:

Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված է եղել 7 մարզիկ՝ Սարգիս Ստեփանյանը, Սարգիս Հարությունյանը, Շահեն Բաբայանը, Հայկ Ստեփանյանը, Սերոբ Հովհաննիսյանը, Գևորգ Անտոնյանը և Նաիրա Մեսրոպյանը: Թիմը հանդես է եկել գլխավոր մարզիչ Գևորգ Ստեփանյանի և ավագ մարզիչ Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում