Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցներին
«Դպրոցականների հետ գիտության մասին խոսելը ձեռքբերում է: Այն գաղափարներն ու նախագծերը, որոնց ականատես եղանք համադպրոցական գիտության փառատոնում, ցույց են տալիս, որ գործ ունենք հասուն, սեփական միտք ու դիրքորոշում ունեցող մարդկանց հետ: Արդյունքները վստահություն են ներշնչում, որ կրթության համակարգում ճիշտ գործընթացներ են իրականացվում. ձևավորվել է այն միջավայրը, որտեղ երեխաները կարողանում են իրենց գաղափարներն առաջ քաշել և աշխատել դրանց շուրջ: Այդ ճանապարհին կարևոր է հատկապես դպրոցների աջակցությունը, քանի որ ուսուցիչների ճիշտ ուղեկցումն է երեխաներին հասցնում ցանկալի արդյունքի»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցների պարգևատրման ժամանակ:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով փառատոնին մասնակցող դպրոցականներին, շեշտել է, որ Համադպրոցական գիտության փառատոնն իր ամենասիրելի միջոցառումներից է:
Ըստ նախարարի՝ փառատոնը պետք է ընդլայնվի՝ ընդգրկելով ավելի մեծ թվով և աշխարհագրությամբ դպրոցներ, ներառելով գիտակարգերի ավելի լայն շրջանակ:
Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել Համադպրոցական գիտության փառատոնի այն մասնակիցներին, որոնք հնարավորություն են ստացել մասնակցելու Լեհաստանում կայանալիք միջազգային փառատոնին: Նա նաև շնորհակալություն է հայտնել փառատոնի գործընկերներ կազմակերպություններին, մասնավորապես՝ «Արփա» ինստիտուտին, որի հետ համագործակցությամբ է մեկնարկել և կայացել փառատոնը: Նմանօրինակ նախագծերի իրականացման նպատակով, ըստ Ժաննա Անդրեասյանի, նախարարությունը բաց է համագործակցության համար:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտել է, որ երկրորդ տարին անընդմեջ ԵՊՀ-ն հյուրընկալում է Համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցներին, որոնք նոր գաղափարներ են բերում՝ հույս հայտնելով, որ նրանցից շատերը կդառնան ԵՊՀ ուսանողներ. «Համադպրոցական գիտության փառատոնում ներկայացված նախագծերը կրթական բարեփոխումների տեսանելի արդյունքներն են»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից իրականացվող Հայկական համադպրոցական գիտության փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
2024 թ. փառատոնին «Մաթեմատիկա և ծրագրավորում» «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում ներկայացվել է շուրջ 80 նախագիծ:
2024 թ. փառատոնի ընթացքում 5 տարբեր անվանակարգերում 23 նախագիծ արժանացել է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակների, որոնցից 3 նախագիծ՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», 5 նախագիծ՝ «Ֆիզիկա և աստղագիտություն», 4 նախագիծ՝ «Քիմիա», 6 նախագիծ՝ «Կենսաբանություն» և 5 նախագիծ՝ «Հասարակական գիտություններ» անվանակարգերում: 12 նախագիծ արժանացել է պատվոգրի, 3 նախագիծ հնարավորություն է ստացել մասնակցելու միջազգային մրցույթի:
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ում ներկայացված ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Մելատոնինի ու լիպոյաթթվի ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա», Վանաձորի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի «Խիտոզան՝ ապագայի պոլիմեր» և Երևանի «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի «Ծանր մետաղները ջրում» նախագծերը հնարավորություն են ստացել մասնակցելու «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթին (EUCYS: The European Union Contest for Young Scientists)», որը տեղի կունենա Լեհաստանի Կատովից քաղաքում սեպտեմբերի 9-14-ը։
Կարծիքներ