Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական մի շարք տուրքերից
Արցախի կառավարության որոշմամբ՝ պատերազմական գործողությունների հետևանքով իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիները, ավտոմեքենայի և մոտոցիկլետի տեխանձնագիր, ինչպես նաև վարորդական իրավունք կորցնելու դեպքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ազատվում են դրանք վերստանալու համար նախատեսված պետական տուրքերի վճարումներից: Այս մասին տեղեկացրեց Արցախի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը:
«Իրենց բնակավայրերից տեղահանված քաղաքացիները պետական տուրքերի վճարումից ազատվում են նաև պատերազմական գործողությունների հետևանքով՝ ավտոմեքենայի վնասված պետհամարանիշի փոխարեն նորը ստանալու դեպքում՝ եթե ավտոմեքենայի սեփականատերը ճանապարհային ոստիկանությանն է ներկայացնում վնասված պետհամարանիշը: Այս որոշումը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից ծագած հարաբերությունների վրա և վերոնշյալ նպատակներով քաղաքացիների կողմից կատարված վճարումները ենթակա են վերադարձման»,-նշեց Արցախի ոստիկանության ՃՈ պետի տեղակալը:
Կարծիքներ