ՄԻՊ-ի թիմն իր աշխատանքը կատարելիս օգտագործում է միջազգային լավագույն փորձը․ Քրիստիննե Գրիգորյանը ընդունել է Լին Թրեյսիին

ՄԻՊ-ի թիմն իր աշխատանքը կատարելիս օգտագործում է միջազգային լավագույն փորձը․ Քրիստիննե Գրիգորյանը ընդունել է Լին Թրեյսիին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության ու աջակցության համար՝ շեշտելով, որ ՄԻՊ-ը հետայսու ևս բաց է համագործակցության հարցում։

Դեսպանն իր հերթին կարևորել է Գրիգորյանի կողմից կատարած աշխատանքները՝ ընդգծելով, որ ՄԻՊ-ի թիմն, իր աշխատանքը կատարելիս, օգտագործում է միջազգային լավագույն փորձը: Դեսպանը հատկապես կարևորել է պատերազմական հանցագործությունների փաստերի ամրագրման ու կոմունիկացման հարցում հաստատության կատարած աշխատանքը։

Պաշտպանն ընդգծել է ՄԻՊ-ի աշխատակազմի նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում։ Գրիգորյանի խոսքով` հաստատությունը կարողանում է լավագույնս պահպանել ազգային հաստատությունների համար միջազգայնորեն սահմանված ստանդարտները իրավունքների պաշտպանության բոլոր բնագավառներում։

Գրիգորյանը նշել է, որ գնահատում են ԱՄՆ դեսպանատան աջակցությունը, նաև ներկայացրել է ԱՄՆ վերջերս կատարած իր այցի մանրամասները։

Զրուցակիցները խոսել են նոր ձևավորված ՄԻՊ-ին առընթեր 2 խորհուրդների՝ Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի և Երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդի մասին, կարևորել խորհուրդներում մարզերի կանանց ու երեխաների ներգրավվածությունը։

Հանդիպման վերջում դեսպանը հաջողություն է մաղթել Գրիգորյանին, հույս հայտնել, որ Պաշտպանի հաստատության ու ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը լավագույնս կշարունակվի նաև Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ժամանակ։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպան Թրեյսիին Հայաստանում իրականացրած իր առաքելության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում