Շուշիի տեխնոլոգիական համալսարանն անմասն չպիտի մնա գիտակրթական ներուժը վերականգնելու գործընթացից. Արցախի նախագահ
Մարտի 19-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Քննարկվել են Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերձած պատերազմի հետեւանքները, դրանք հաղթահարելու հնարավորությունները: Երկրի նախագահն ընդգծել է այդ հարցում կրթության եւ զարգացած տեխնոլոգիաների դերը: «Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվն անմասն չպիտի մնա Արցախի հատկապես գիտակրթական ու տնտեսական ներուժը վերականգնելու ու զարգացնելու գործընթացից»,- իր խոսքում նշել է նախագահը՝ առաջարկելով ակտիվ ներգրավվել Հանրապետության կրթական համակարգի բարեփոխման աշխատանքներում:
Նախագահն անդրադարձել է նաեւ Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ պատերազմից հետո Արցախի անվտանգության համակարգում կարեւոր դեր ունի ՌԴ խաղաղապահ զորախումբը: Արցախի իշխանությունների առաջնային հումանիտար խնդիրներից մեկն այսօր տեղահանված բնակչության վերադարձի ապահովումն է, իսկ քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման եւ անկախության միջազգային ճանաչման հարցերը:
Կարծիքներ