Եկամտային հարկի վերադարձից հնարավոր կլինի օգտվել նաև բնակելի տուն գնելու իրավունքի դեպքում. քննարկում ԱԺ հանձնաժողովում

Եկամտային հարկի վերադարձից հնարավոր կլինի օգտվել նաև բնակելի տուն գնելու իրավունքի դեպքում. քննարկում ԱԺ հանձնաժողովում

Խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Լուսինե Բադալյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ քաղաքացիների զգալի մասն անշարժ գույքը ձեռք է բերում հիփոթեքային վարկով, և այդ վարկերի պորտֆելը տարեցտարի աճում է: Նրա խոսքով՝ նորակառույց շենքից բնակարան գնելու թվի աճին նպաստում է եկամտային հարկի վերադարձի ծրագիրը:

«Գործող կարգավորումները թույլ են տալիս մինչև շենքի ավարտական ակտ ստանալը կնքել գնման իրավունքի պայմանագիր, այդպես բանկի հետ վարկ ձևակերպել և պրոցեսը սկսել ավելի շուտ, քան ավարտական ակտը կլինի: Դա կառուցապատողներին հնարավորություն է տալիս մինչև շինարարության ավարտը կարողանալ շրջանառող միջոցների խնդիր լուծել, բայց ձևակերպումն այնպիսին է, որ նման իրավունքով կարող են բազմաբնակարան շենքից միայն բնակարան գնել»,-ասաց Թունյանը:

Նրա ներկայացմամբ՝ խնդիրը վերջին շրջանում է ակտուալ դարձել, քանի որ բանկերը և նոտարները հրաժարվում են բնակելի տների դեպքում նման գործարքներ անել՝ հղում անելով օրենսդրությանը:

«Ուստի եկանք եզակացության, որ օրենքում փոխություն անենք և հնարավորություն տանք, որ բնակելի տների գնման իրավունք գնելու դեպքում ևս քաղաքացիներն օգտվեն այս հնարավորությունից, ինչպես նաև օգտվեն եկամտարկի վերադարձի ծրագրից»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ եկամտահարկի վերադարձի ծրագրում փոփոխություն է արվել, սահմանափակումներ են ներառվել, որոնց համաձայն Երևանում ծրագիրը կդադարի գործել երեք տարուց և կշարունակվի մարզերում: Նրա խոսքով՝ բնակելի տների գործարքները մեծամասամբ տեղի են ունենում մարզերում, 2021-ի տվյալներով բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների 70 տոկոսը Երևանում է եղել,  բնակելի տների դեպքում 25 տոկոսն է միայն Երևանում  է եղել, մնացածը՝ մարզերում:

«Այս հնարավորությունն ավելի շատ մարզերի համար է լինելու, բնակելի թաղամասեր կառուցելու դեպքում կառուցապատողները և քաղաքացիները կկարողանան օգտվել այս հնարավորությունից»,- ասաց նա:

Այսպիսով նախագծում նշվում է, որ բազմաբնակարան շենք բառերից հետո ավելացվի բնակելի տուն գնելու իրավունք ձևակերպումը:

Փոփոխությունները հնարավորություն կտան կառուցապատող կազմակերպություններին բնակելի տներ կառուցել, որոնք քաղաքացիները հիփոթեքային վարկով ձեռք բերելիս կօգտվեն եկամտային հարկի վերադարձի ծրագրից:

Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում