Զմյուռնիայի հայ վերապրողների ժառանգները իրենց գերդաստանների պատմությունները վկայող մասունքները հանձնեցին ՀՑԹԻ-ին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ հանդիպում Զմյուռնիայի հայ վերապրողների ժառանգների հետ, որի շրջանակում իրենց գերդաստանների պատմությունները վկայող մասունքներն ի պահ հանձնեցին ՀՑԹԻ գիտական ֆոնդերին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկացրին, որ նմուշների հիմնական մասը ներկայացված են 2022 թ. սեպտեմբերի 14-ին բացված «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրության մեջ:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, ցուցադրության հեղինակ Թեհմինե Մարտոյանը՝ նշելով, որ Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջման ու նրանց թաղամասերի հրկիզման խնդրի լուսաբանմանը մեծապես նպաստում են ականատես-վերապրողների իրապատումները: Հավելեց, որ հուշագիր-օրագրերը՝ որպես վավերաթղթեր, շատ հաճախ լույս են սփռում ժամանակի պատմական իրողությունների վրա։
Կարևորելով Զմյուռնիայի հայ վերապրող Ավետյան, Բերբերյան, Սվազլյան, Ղազերյան, Խաչերյան և Բարթիկյան ընտանիքների պատմությունները՝ Թեհմինե Մարտոյանը շնորհակալություն հայտնեց ժառանգներին համագործակցության համար:
Գառնիկ Սվազլյանի թոռնուհին՝ պ. գ. թ. Քնարիկ Ավագյանը, ներկայացրեց իր պապի պատմությունը՝ հետաքրքիր մանրամասներ հաղորդելով ներկաներին:
Հանդիպման ավարտին ժամանակավոր ցուցադրությանը նյութերով և պատմություններով օժանդակելու համար վերապրողների ժառանգները շնորհակալագրեր ստացան:
Կարծիքներ