Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է հետպատերազմյան շրջանում աշխատակազմը համալրած աշխատակիցների հետ

Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է հետպատերազմյան շրջանում աշխատակազմը համալրած աշխատակիցների հետ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է նախարարության աշխատակազմը հետպատերազմյան շրջանում մրցույթների արդյունքում համալրած աշխատակիցների հետ։ Հանդիպմանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը։ Շնորհավորելով և գործընկերներին նախարարության մեծ թիմ բարի գալուստ մաղթելով՝ նախարարն անդրադարձ է կատարել մի շարք առանցքային հարցերի։
 

«Մեր պետության զարգացման և ինստիտուտների կայացման համար այս կարևոր փուլում մենք հանձնառու ենք մի շարք խորքային բարեփոխումների, այդ թվում՝ կադրային քաղաքականության վերանայման, ամենաօբյեկտիվ մրցույթների արդյունքում պետական համակարգը որակյալ, նորարարական մոտեցումներով հարուստ մասնագետներով համալրմանը»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը։
 

Նախարարը խոսել է նախարարության կադրային քաղաքականության վերաբերյալ և շեշտել այնպիսի ինստիտուտների կայացման կարևորությունը, որտեղ մասնագիտանալն ու որպես մասնագետ կայանալը անձերի մակարդակից անկախ՝ պայմանավորված կլինի միայն աշխատանքային պրոֆեսիոնալիզմով։
 

«Այս ընթացքում նախարարության աշխատակազմը համալրել ենք շուրջ մեկ տասնյակ երիտասարդ մասնագետներով, ինչը կարևոր ցուցիչ է այն բանի, որ մեր նախարարությունը տուրք չի տալիս բացառապես նեղ քաղաքական շրջանակում կադրեր հավաքագրելու, մրցույթները կանխակալ ձևով անցկացնելու նախկինում տեղ գտած արգահատելի գործելաոճին»,- նշել է նա:
 

Շրջակա միջավայրի նախարարությունը վերջին ամիսներին թափուր հաստիքների համալրման մրցույթները անցկացնում է արտաքին մրցույթի ձևաչափով՝ հնարավորություն տալով էլ ավելի լայն շրջանակի մասնակցել դրանց ու պետական համակարգում աշխատանքի անցնել։
 

Նախարարը հորդորել է գործընկերներին լինել ակտիվ, նախաձեռնող, դժվարությունների առաջ չընկրկող ու ամենակարևորը՝ չխուսափել այլակարծությունից ու լինել համարձակ, չառաջնորդվել քարացած կանոններով, լինել դինամիկ, արագ կողմնորոշվող ու ժամանակակից պահանջներին հարմարվող։
 

«Մեր վարքով պետք է կարողանանք կոտրել պետական համակարգի աշխատակցի վերաբերյալ հանրության մեջ առկա կարծրատիպերը, պետք է հրաժարվել «չինովնիկական» մոտեցումներից և նորարար գաղափարներով նոր գույներ, նոր խոսք ու ավյուն ներարկել պետական ինստիտուտներ»,- ասել է նա։
 

Նախարարը հույս է հայտնել, որ գործընկերները կդառնան այն թիմի լիարժեք անդամները, որը պետական ու հասարակական շահը վեր է դասում նեղ անձնականից, իսկ մասնագիտական ոլորտում՝ բնապահպանական շահն է առաջ մղում։
 

«Անկախ ձեր զբաղեցրած կարգավիճակից, դուք պետք է մաս կազմեք ոլորտային այն խորքային բարեփոխումներին, որոնք մեկնարկել է Շրջակա միջավայրի նախարարությունը, դուք պետք է տիրապետեք ոլորտին, շատ կարդաք, կրթվեք, անդադար աշխատեք ձեր մասնագիտական կարողությունների վրա և դառնաք կարևորագույն բարեփոխումների դրոշակակիրը հանրության աչքերում»,- շեշտել է նախարարը։
 

Բարի ընթացք մաղթելով՝ նախարարը խոստացել է անել հնարավորը, որպեսզի շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները մշտապես մասնագիտական աճի ու վերելքի հնարավորություններ ունենան։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում