Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. կան վիրավորներ. հնչել է կրակոց
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 բրիգադի բժիշկների խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, որտեղից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ «աջ քունքային շրջանի սալջարդ, դեմքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ, 26-ամյա Վարդգես Չ.-ն:
Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի աշխատակիցների հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Շարուրի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ, 23-ամյա Համլետ Ղ.-ի, 25-ամյա Գագիկ Գ.-ի, 29-ամյա Հարություն Տ.-ի և մի քանի՝ դեռևս ինքնությունը չպարզված անձանց միջև, որի ժամանակ ոտքերով և մահակով հարվածներ են հասցրել Վարգես Չ.-ի , նրա եղբոր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Վաչիկ Չ.-ի մարմնի տարբեր մասերին:
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ վիճաբանության ժամանակ տուժածներից մեկը իրեն ամրակցված ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մասնակիցների ամբողջական ցանկը պարզելու, նրաց հայտնաբերելու ուղղությամբ:
Կարծիքներ