Կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Ադամ Շիֆը մասնակցել են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ ամերիկահայերի կազմակերպած ցույցին

Կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Ադամ Շիֆը մասնակցել են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ ամերիկահայերի կազմակերպած ցույցին

Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև ակցիա է կազմակերպել, որին միացել են նաև ԱՄՆ դաշնային, նահանգային և քաղաքական իշխանությունների ներկայացուցիչներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ են արել գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու և հայերի դեմ երկրորդ ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։

Ակցիայի ընթացքում բանախոսները կոչ են արել նաև Ադրբեջանին զրկել ԱՄՆ-ի ամենամյա օգնությունից և պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար։

Ակցիային ելույթ են ունեցել նաև ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը։

Ադամ Շիֆը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ նամակ էր ուղղել ԱՄՆ վարչակազմին, անձամբ Ջո Բայդենին՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության շուրջ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրելու հարցով։ Շիֆը նաև խոսել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի հետ՝ խնդրելով անել ամեն բան ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։

«Ես կանգնած եմ Արցախի 120 հազար բնակիչների կողքին և նրանց պաշտպանող հայկական սփյուռքի կողքին։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը պետք է ավարտվի։ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ասել՝ «այլևս երբեք»։ Մենք պետք է անենք ավելին, քան խոստումները։ Մենք պետք է գործենք», - ակցիայից հետո X (նախկինում՝ Twitter) սոցցանցում գրել է Շիֆը։
Բրեդ Շերմանը ևս խոսել է Արցախում շրջափակված 120 հազար մարդկանց մասին՝ շեշտելով, որ Ադրբեջանն օգտագործում է «պատերազմական հանցագործությունների ամենադաժան զենքը՝ սովամահությունը»։

«Մենք ականատես ենք լինում Արցախում ծավալվող հումանիտար աղետի։ Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի վարչակարգին և վերջ դնենք Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական աջակցությանը», - գրել է Շերմանն X (նախկինում՝ Twitter) սոցցանցում ակցիայից հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում