ՌԴ և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության վերաբերյալ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ կողմերն ընդգծել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 10-ի հայտարարության մեջ ներառված պայմանավորվածությունների անհապաղ կատարման անհրաժեշտությունը:
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով տարածվել էր հետևյալ հայտարարությունը.
«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի և ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածության համաձայն՝ կողմերը համաձայնել են հետևյալ քայլերին.
2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան:
Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։
Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով:
Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»:
Կարծիքներ