Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հանդես կգա համերգով, որի ընթացքում կհնչի Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը: Այն տևական ժամանակ Հայաստանում չի կատարվել:
Երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան)։ Երաժշտախմբերը ելույթ կունենան Գերմանիայից ժամանած դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ:
Մենակատարներն են Ֆրանցիսկա Բոբեն (սոպրանո), Սեդա Ամիր-Կարայանը (ալտ), Մարտին Փեթցոլդը (տենոր), Դասթին Դրոսձիոկը (տենոր), Յենս Համանը (բաս), Անդրեաս Շայբները (բաս)։
«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» մեծակտավ ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է 1727 թվականին: Երկը բաղկացած է 78 մասից։ Այն երաժշտական ժառանգության գագաթնակետերից է։ Հետաքրքրական է, որ Բախը հոգևոր թեմատիկայով հեղինակել է 4 կամ 5 «Չարչարանք», սակայն միայն երկուսն են հասել մեր օրերը։ Բախի երկու «Չարչարանքներն» էլ բազմիցս հնչեցվել են թե՛ հեղինակի, թե՛ հաջորդող սերունդների կողմից։
Ֆիլիպ Ամելունգն առաջին անգամ չէ, որ համագործակցելու է հայաստանյան կոլեկտիվների հետ։ 2020 թվականին մեր երկրում ներկայացվել էր Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը։ Նախորդ տարի դիրիժորը նշել էր՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ շատ հարմար է աշխատել, և երկրում երաժշտության կատարման մակարդակը շատ բարձր է։
Ամելունգն իր ժամանակների ամենաճկուն դիրիժորներից է: Իր երաժշտական կարիերան սկսել է ութ տարեկանից՝ Տյոլցի տղաների երգչախմբում, որտեղ և հետագայում աշխատել է: Հանդես է եկել Georgian Chamber Orchestra Ingolstadt, Munich Symphony Orchestra, Southwest German Chamber Orchestra Pforzheim, Karlovy Vary Symphony Orchestra, North Bohemian Philharmonic Orchestra Teplice և այլ կոլեկտիվների հետ: Սերտորեն համագործակցում է նաև բարոկկո նվագախմբերի հետ: Մյունխենում 2000 թվականին հիմնադրել է երաժշտական փառատոն: Ակտիվորեն զբաղվում է մանկավարժական գործունեությամբ: Թյուբինգենի համալսարանի երաժշտական տնօրենն է, այդ պաշտոնին է ընտրվել 140 դիմողների հաղթելով:
Կարծիքներ