Տեսանելի են այն համառ քայլերը, որոնք բերելու են տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման. Արշակյանը՝ «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2025»-ին

Տեսանելի են այն համառ քայլերը, որոնք բերելու են տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման. Արշակյանը՝ «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2025»-ին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 3-ին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2025» միջոցառմանը:

Հակոբ Արշակյանը նախ շնորհավորել է ներկաներին այն կարևոր փաստի առնչությամբ, որ տարվա ամենամեծ ինժեներական միջոցառումն արդեն անցկացվում է Ինժեներական քաղաքում:

«Կարևոր է նշել, որ այս պարարտ հողը, որի վրա ամեն սերմ աճել և ծաղկում է, պայմանավորված է մարդկանցով, ովքեր այստեղ ներկա են: Այս համատեքստում նաև ուզում եմ ողջունել Երևան այցելած մեր բոլոր գործընկերներին, ընկերություններին, սփյուռքի ներկայացուցիչներին և նրանց ասել, որ, իսկապես, Ձեր ցանած սերմերը հուսալի ձեռքերում են: Այն միջավայրը, որտեղ ցանկանում եք ձեր գործունեությունը ծավալել, սովորել, աշխատել, գիտությամբ զբացվել, ինժեներությամբ զբաղվել, իսկապես, կարող է պտուղներ տալ»,- նշել է խորհրդարանի նախագահի տեղակալը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է մեր երկրի որդեգրած խաղաղության օրակարգին և փաստել՝ այսօր տարածաշրջանում քայլում ենք խաղաղության ճանապարհով, ու տեսանելի են այն համառ ու գործնական քայլերը, որոնք բերելու են տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակմանը, տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղությանը:

«Խաղաղությունն ունի իր մարտահրավերները, պատերազմի ժամանակները, հակամարտություններն ունեն իրենց մարտահրավերները, բայց այս մարտահրավերները հաղթահարվում են առաջին հերթին մարդկանց, տաղանդավոր մարդկանց՝ ինժեներների, գիտնականների, ուսանողների, այն մարդկանց շնորհիվ, որոնք այսօր այստեղ են»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը և ելույթի ավարտին ևս մեկ անգամ հաջողություն մաղթել «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2025-ի» աշխատանքներին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ողջույնի խոսքում երախտագիտություն է հայտնել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին՝ դեռևս 2018 թվականին «Ինժեներական քաղաքի» հայեցակարգը շրջանառելու, այդ գաղափարի իրագործմանը հավատալու և Կառավարության գործընկերներին ծրագրի շուրջ համախմբելու համար:

Ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհայը, «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Այնուհետև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շրջել են «Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր» շենքում, ծանոթացել շենքային պայմաններին:

Նշենք, որ «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2025-ը» տարեկան միջոցառում է, որը ներկայացնում է Հայաստանում ճարտարագիտության ոլորտի վերջին նվաճումները:

Ինժեներական քաղաքում, այդ թվում` «Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր» շենքում տեղի են ունենում պանելային քննարկումներ ոլորտի ամենակարևոր ու հիմնարար հարցերի մասին, միջազգային ու տեղական մասնագետների մատուցմամբ հիմնական բանախոսություններ, նորարարական և տեխնոլոգիական թեմաների վերաբերյալ թեմատիկ աշխատարաններ: 2025 թվականի եռօրյա ծրագիրը կանցկացվի Երևանում և Վանաձորում:

Միջոցառմանը մասնակցում են ինժեներական համայնքի ներկայացուցիչներ և տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, բարձր տեխնոլոգիական ոլորտի ուսանողներ և հետազոտողներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում