Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պատվոգիր է հանձնել Գրականության և արվեստի թանգարանի տնօրենին
Գրականագիտության, հայագիտության, գրահրատարակչության ոլորտներում ներդրած նշանակալի ավանդի համար և ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահագն Սարգսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով:
Պատվոգիրը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
«Թեև մի քանի ամիս է, ինչ ստանձնել եք թանգարանի տնօրենի պաշտոնը, բայց Ձեր գործունեությունը մշակույթի ոլորտում երկարամյա է, ներդրումը՝ անգնահատելի: Հույս ունեմ՝ դեռ երկար ժամանակ կկարողանաք օգտակար լինել ոլորտին ու պետությանը, և համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները ամբողջությամբ կիրականացնենք»,- ասել է փոխնախարարը:
ԳԱԹ տնօրենը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել. «Պահպանելով ունեցած արժեքները՝ պետք է մի քայլ առաջ գնանք և աշխատանքով լավ հետք թողնենք այս ոլորտում»:
Վահագն Սարգսյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, 2021 թ. հոկտեմբերից ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով նշանակվել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի պաշտոնում: Մինչ այդ՝ շուրջ 25 տարի, նա զբաղեցրել է «Հայաստան» հրատարակչության տնօրենի պաշտոնը:
Կարծիքներ