ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը բարձր է գնահատում մշակութային կառույցների աշխատանքն օնլայն տիրույթում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի համոզմամբ՝ համավարակի տարածման ընթացքում մշակութային հաստատությունները խուճապի չեն մատնվել՝ գործունեություն ծավալելով առցանց հարթակում: Այդպես կառույցները կարողացել են ստեղծագործական նոր գաղափարներով հանդես գալ և պահպանել հասարակության՝ մշակույթի հետ առնչվելու իրավունքները:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Խաչատուրյանն ընդգծեց, որ համավարակի տարածման սկզբնական փուլից սկսած մշակութային հաստատությունները նոր խնդիրներ դրեցին իրենց առաջ և կարողացան լուծել դրանք, նախաձեռնողականություն դրսևորեցին, նոր իրավիճակում արագ կողմնորոշվեցին, ինչը հետաքրքիր էր:
«Խուճապ գրեթե չեղավ. թանգարանները, թատրոնները տեղափոխվեցին թվային տիրույթ, բայց համավարակն ունի նաև բացասական կողմ. դադարել էր շփումը հանդիսատեսի, թատերասերի, այցելուի հետ: Ամեն դեպքում մարդկանց՝ մշակույթի հետ առնչվելու իրավունքները պահպանվեցին»,-ասաց Խաչատուրյանը՝ անդրադառնալով ֆինանսական կողմին:
Նրա խոսքով՝ ֆինանսական առումով մշակութային հաստատությունները վնասներ կրեցին: «Տոմսերի, հուշանվերների վաճառքից, այլ ծառայությունների մատուցումից մեր կառույցները լրացուցիչ հասույթ են ունենում: Դա շատ անհրաժեշտ է առաջ գնալու համար, որովհետև պետական բյուջեով նախատեսված գումարները չեն բավականացնում»,-շեշտեց նա:
Խաչատուրյանը վստահ է՝ թանգարաններն առցանց հարթակում հետաքրքիր լինելու նպատակ են հետապնդում, որովհետև գիտակցում են, որ թվային հարթակը նույնպես հետաքիքիր դաշտ է, որտեղ յուրօրինակ մոտեցումներ կպահանջվեն, և ստեղծարարությունը կաճի: «Փոխակերպումները լավ են, բայց դա չի նշանակում՝ եթե թվային տիրույթն առավել ակտիվանա կամ մնա այս մակարդակին, որն այսօր կա, ապա թանգարան այցելությունների քանակը կպակասի: Թվային հարթակը ստեղծում է ցուցանմուշներն իրականում տեսնելու գայթակղություն: Այն նաև գովազդային տարր ունի»,-եզրափակեց փոխնախարարը:
Կարծիքներ