Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ Իսրայելի վրա հրթիռներ արձակելու պատճառով
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Իրանի մի շարք ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի դեմ իրականացված հրթիռային հարձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Բրիտանիայի կառավարությունը։
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել Իրանի բանակի բարձրաստիճան հրամանատարներ, Իրանի օդուժը և Իրանի բալիստիկ և թևավոր հրթիռների մշակմամբ զբաղվող ընկերություններ, ինչպես նաև Իրանի տիեզերական գործակալությունը, որն, ըստ հաղորդագրության, մշակում է տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են բալիստիկ հրթիռների ստեղծման համար։
Սահմանափակումների ցանկում հայտնված անձանց մուտքը Միացյալ Թագավորություն կարգելվի, նրանց ակտիվները կսառեցվեն։ Այս ցանկում են հայտնվել Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին, բրիգադային գեներալ Մոհամմադ Հոսեյն Դադրասը, Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Համիդ Վահեդին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական ծառայության ղեկավար Մոհամմադ Քազեմին, Իրանի բանակի միացյալ շտաբների կոմիտեի ղեկավար Հաբիբոլլա Սայարին և ԻՀՊԿ խոսնակ Ալի Մուհամմադ Նայինին։
Բացի այդ, սահմանափակող միջոցներ են մտցվել Իրանի Farzanegan կոնստրուկտորական բյուրոյի և դրա գլխավոր ինժեներ Հոսեյն Փուրֆարզանեի դեմ։ Հոկտեմբերի 1-ին Իրանը շուրջ 200 բալիստիկ հրթիռ էր արձակել Իսրայելի վրա՝ հայտարարելով, որ խոցել է կարևոր օբյեկտներ։ Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ խոցել է հրթիռների մեծ մասը։ Իսրայելը խոստացել է պատասխանել Իրանի հարձակմանը, երբ անհրաժեշտ համարի։ Իրանի դեմ ավելի վաղ պատժամիջոցներ է սահմանել նաև ԵՄ խորհուրդը՝ «Ռուսաստանին հրթիռային մատակարարումների» համար։
Կարծիքներ