ՄԱԿ-ը ԼՂ-ում զինադադարին աջակցելու համար կապի մեջ է ՌԴ ներկայացուցիչների հետ․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեծ ուրախությամբ է ընդունել համաձայնության ձեռքբերումը։ ՄԱԿ-ը կապի մեջ է ՌԴ ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանա, թե ինչպես կարող ենք աջակցել համաձայնագրին»,- ասել է Դյուժարիկը։
Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ը շնորհակալ է Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերի համար։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:
Կարծիքներ