Ինչ ակնկալել Վաշինգտոնում ՀՀ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններից. պարզաբանում է Ալեն Սիմոնյանը
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նրան, թե ի՞նչ կարելի է ակնկալել վաշինգտոնյան բանակցություններից:
Հարցին՝ Բայրամովը հայտարարել է, որ ԼՂ հայության անվտանգության համար որևէ այլ քայլ չեն իրականացնելու, այս դեպքում ինչպե՞ս կընթանան սպասվող բանակցությունները, Սիմոնյանը պատասխանեց․ «Նման հայտարարությունները հենց ադրբեջանական կողմին է վնաս տալիս, քանի որ նման իրողությունների դեպքում այն հարցերը, որը տասնամյակների ընթացքում խնդրի պատճառ են դարձել, չեն լուծվի, դա իրականությունից փախչել է։ Հարցի լուծում չէ, որ չքննարկվեն այդ հարցերը։ Կարծում եմ՝ դրանք ուղղակի բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու և դրանից հետո բանակցային սկզբնական փուլի հետ արվող քայլեր են»։
Դիտարկմանը՝ այսինքն՝ Բաքուն այդպես էլ չի՞ համաձայնի միջազգային մեխանիզմի ստեղծմանը, ԱԺ նախագահը արձագանքեց․ «Մեզ համար հայության իրավունքների մասով կարևորագույն հարց է, որովհետև այդ հարցը չի կարելի մոռացության մատնել. եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, ապա ՀՀ-ն դրան պատրաստ չէ»։
Մեկ այլ հարցի՝ եթե չլինեն ֆիքսված անվտանգության երաշխիքները, խաղաղության պայմանագիրը չի՞ կնքվի, վերջինս ընդգծեց․
«Հարցը չի լուծվի, խաղաղության պայմանագրի մեջ չգիտեմ՝ այդ մասը կներառվի՞, թե՞ առանձին փաստաթղթով կլինի, որովհետև դրա համար էլ կոնկրետ երաշխիքներ են պետք։ Ունենք նոյեմբերի 9-ը, որի պայմանները չեն պահպանվում, և երաշխիք հանդիսացող երկիրը դրա համար որևէ քայլ չի անում։ Չգիտեմ՝ մենք պետք է խաղաղության պայմանագրո՞ւմ դա ամրագրենք, թե՞ այլ փաստաթղթով, որտեղ երաշխավոր կհանդիսանան մի քանի երկրներ։ Եթե այդ հարցը չլուծվեց, բանակցությունների մեծ մասը անիմաստ կարող են լինել»:
Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Այնտեղ այսօրվանից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
Կարծիքներ