Թաիլանդում նշել են օտարերկրյա զբոսաշրջիկների համար սահմանների բացման պայմանները
Զբոսաշրջիկների շրջանում պոպուլյար կղզիների՝ Պուխեթի եւ Սամուիի իշխանությունները նշել են նախնական պայմանները, որոնցով նրանք պատրաստ են ընդունել օտարերկրյա հյուրերին, հայտնում է ATOR-ը:
Հանգստավայրերը նախատեսում են հուլիսից վերսկսել օտարերկրացիների ընդունելությունը: Պուխեթն ապավինում է տեղի բնակչության եւ ներգնա զբոսաշրջիկների պատվաստմանը:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ կղզին հոկտեմբերի 1-ից օտարերկրացիների համար կբացվի առանց պարտադիր կարանտինի: Սակայն այժմ պլանները փոխվել են. իշխանությունները նախապատրաստել են Phuket Tourism Sandbox ծրագիրը, որի շրջանակներում COVID-19-ի դեմ պատվաստված հանգստացողները կկարողանան ժամանել արդեն հուլիսին, ընդ որում՝ առանց ինքնամեկուսացման անհրաժեշտության: Ժամանելիս հյուրերը պետք է պատվաստման վկայագիր կամ անձնագիր, կամ IATA TravelPass այցետոմս ունենան, ինչպես նաեւ ՊՇՌ թեստ հանձնեն օդանավակայանում եւ ակտիվացնեն ThailandPlus հավելվածը:
Սամուին ավելի խիստ ընթացակարգեր կառաջարկի օտարերկրյա զբոսաշրջիկներին: Samui Wonder Island ծրագրի համաձայն՝ բոլոր ժամանողներին, անկախ պատվաստման կարգավիճակից, կարանտին է սպասվում: Սակայն այն կարճ կլինի՝ ընդամենը երկու-երեք օր պետության կողմից նշանակված հատուկ հյուրանոցի սենյակում:
Ապա հարկավոր կլինի COVID-19-ի ախտորոշման էքսպրես թեստ հանձնել, արդյունքը կստացվի երեք ժամվա ընթացքում: Եթե այն բացասական լինի, հանգստացողներին կթույլատրվի մեկնել կղզու նախորոշված տարածքներ կամ համաձայնեցված էքսկուրսիոն ուղիներով: Ամենայն հավանականությամբ, հյուրերը պետք է ճանապարհորդեն միայն գիդի ուղեկցությամբ:
Յոթերորդ օրը անհրաժեշտ է կրկին անալիզ հանձնել: Արդյունքը ստանալուց հետո զբոսաշրջիկները կկարողանան փոխել իրենց գտնվելու վայրը եւ առանց գիդի ճանապարհորդել Սամուի եւ հարակից կղզիներով: Տասնչորսերորդ օրը՝ հերթական թեստը: Եթե արդյունքը բացասական է, օտարերկրացիներին կթույլատրվի սովորական նախահամահամավարակային ռեժիմով տեղաշարժվել Թաիլանդի տարածքով:
Կարծիքներ