Կոյուղաջրերի անալիզը կարող է փոխել կորոնավիրուսի պատճառով սահմանափակող միջոցների հանդեպ մոտեցումները
Շենքի կոյուղաջրերի մեջ հնարավոր է հայտնաբերել կորոնավիրուսի հետքեր շատ ավելի վաղ, քան այդ շենքի բնակիչների մոտ կհայտնաբերվեն առաջին ախտանշանները: Այսպիսի անսպասելի հայտնագործություն են կատարել Ավստրալիայի գիտական եւ կիրառական հետազոտությունների պետական միավորման (CSIRO) եւ Քվինսլենդի համալսարանի (Ավստրալիա) մասնագետները:
Հետազոտությունը ցույց է տվել, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը, կոյուղաջրերում կարող է հայտնաբերվել կլինիկական թեստերով վարակվածների նույնականացումից 3 շաբաթ առաջ, հայտնում է Xinhua-ն: Մասնագետների խումբը Քվինսլենդ նահանգի մայրաքաղաք Բրիսբենում վերցրած կոյուղաջրերի նմուշներում հայտնաբերել է վիրուսի գենետիկ հետք փետրվարի վերջին՝ երեք շաբաթ առաջ այն բանից, երբ հայտարարվել է քաղաքում առաջին կլինիկապես հաստատված դեպքի մասին:
Հետազոտողները հույս ունեն, որ այս տվյալները իշխանություններին կօգնեն ապագայում խուսափել տոտալ կարանտինից: Նրանց կարծիքով՝ կոյուղաջրերի անալիզը կարելի է օգտագործել խնդրահարույց գոտիների հայտնաբերման համար, որից հետո սահմանափակող միջոցները հնարավոր կլինի կիրառել տեղայնացված՝ միայն այնտեղ, որտեղ վիրուսը կհայտնաբերվի կոյուղաջրերի մեջ:
Կարծիքներ