Պուտինի դեմ դատական հայց է ներկայացվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատական երկու հայց է ներկայացվել։ Այս մասին հայտնում է pravda.ru-ն:
Երկու հայցն էլ վերաբերում են Սահմանադրության փոփոխությունների հարցով համառուսաստանյան քվեարկությանը:
Մեկը Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորներ Եվգենի Ստուպինի և Օլեգ Շերեմետևի, քաղաքագետ Վալերի Սոլովեյի, իրավաբան Սերգեյ Բոչարովի հավաքական դիմումն է: Հայցն ուղարկվել է Գերագույն դատարան:
Հայցվորների կարծիքով` հուլիսի 1-ին անցկացվելիք զանգվածային քվեարկությունը վտանգավոր է առողջության համար:
«Պատճառը` ամեն օր չպարտված կորոնավիրուսից մահանում են տասնյակ, երբեմն` հարյուրավոր մարդիկ: Նման պայմաններում քվեարկություն անցկացնելը հանցագործություն է: Պուտինի հրամանի չեղարկումը կփրկի բազմաթիվ կյանքեր»,- դատական հայց ներկայացնելու որոշումն այսպես է բացատրել պատգամավոր Ստուպինը սոցցանցի իր էջում:
Երկրորդ դատական հայցը` նույն հարցով, Գերագույն դատարան է ներկայացրել քաղաքացի Գենադի Ռուդյակը: Նրա դիմումը ներկայումս քննարկման փուլում է:
Ի դեպ, սրանք առաջին հայցերը չեն ՌԴ նախագահի դեմ քվեարկության անցակցման պատճառով: Հունիսի 10-ին նմանատիպ հայց է ներկայացրել գործարար Վիկտոր Մեշչերինովը, սակայն Գերագույն դատարանից մերժում է ստացել:
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը կանցկացվի հուլիսի 1-ին: Ընտրություն կարելի է կատարել նաև հունիսի վերջին վեց օրվա ընթացքում: Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի շրջանի բնակիչները կքվեարկեն առցանց:
Կարծիքներ