ԱԳ փոխնախարարը և ԵԽ ֆրանսիացի պատգամավորը նշել են, որ միջազգային հանրությունը գիտակցում է ԼՂ ճգնաժամի ծանր հետևանքները
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն օգոստոսի 24-ին ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամիին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա-Քզավիե Բելամիին ներկայիս տարածաշրջանային բարդ մարտահրավերների պայմաններում Եվրախորհրդարանում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և առկա հումանիտար հարցերի նկատմամբ հետևողական ուշադրության համար՝ կարևորելով նաև ընթացիկ տարվա փետրվարին նրա այցելությունը Լաչինի միջանցքի սկզբնամաս:
«Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի՝ 8 ամսից ավելի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը, որի մասին անդրադարձ է կատարված նաև Եվրախորհրդարանի տարածաշրջանային զեկույցներում, ներառյալ՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերջին զեկույցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը և Ֆրանսուա-Քզավիե Բելամին անդրադարձել են նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ քննարկմանը՝ նշելով, որ միջազգային հանրությունը գիտակցում է ԼՂ ժողովրդի համար հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքները և Լաչինի միջանցքի վերաբացման հրամայականը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համաձայն:
Կարծիքներ