Կբարելավվեն փրկարար ծառայողների սոցիալական երաշխիքները. աշխատանքային խորհրդակցություն ՆԳՆ փրկարար ծառայությունում
Օգոստոսի 24-ին Փրկարար ծառայությունում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։
Ներկա են եղել Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ծառայության ղեկավար կազմն ու մարզային ստորաբաժանումների պետեր։
Նախարարը խոսել է համակարգում ընթացող բարեփոխումների, օրենսդրական փոփոխությունների մասին, վստահեցրել, որ դրանց բարեհաջող ընթացքի արդյունքում կբարելավվեն փրկարար ծառայողների սոցիալական երաշխիքները։ Վահե Ղազարյանը հետաքրքրվել է առկա խնդիրների, մարզերում արձանագրվող դեպքերի և այդ ուղղությամբ իրականացվող միջացառումների մասին։
Մարզային փրկարարական վարչությունների պետերը ներկայացրել են իրականացվող աշխատանքները, նշել առկա խնդիրները։
Ամփոփիչ ելույթում նախարարն անդրադարձել է ստորաբաժանումների շենքային և գույքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ծառայողների կարգապահությանը։
Մատնանշելով խնդիրները՝ Վահե Ղազարյանը հատկապես ընդգծել է անտառային հրդեհների դեմ պայքարին, նաև Սևանա լճում և հանգստի վայրերում հովեկների, զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կարևորությունը, տվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն իր ելույթում վստահեցրել է, որ խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների լուծման նպատակով կիրականացվեն ինտենսիվ աշխատանքներ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզային փրկարարական վարչությունների գործառույթներին վերաբերող այլ հարցեր։
Կարծիքներ